Երևանի կենտրոնի բեռնաթափման համալիր ծրագրով առաջիկայում Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը առավելագույնը 2.5 տոննա բեռնվածության զանգված ունեցող բեռնատարների համար: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն: Նախագիծը ներառում է նաև կայանատեղիների որոշակի և՛ գնային, և՛ գոտիավորման վերանայում:
«Սա մի ճանապարհ է, որով բոլորս միասին պետք է անցնենք՝ հանրային գրագետ հաղորդակցություն ապահովելով: Մարդիկ կարող են մտածել, որ ինչ-որ բան են թանկացնում, որպեսզի ավելի գումար հավաքեն, բայց իրականությունն այն է, որ Երևանի փոքր կենտրոնն ուղղակի արդեն ֆիզիկապես իր բեռնվածությամբ անանցանելի է դառնում և սկսած կենտրոնից մենք որոշակի կարգավորումներ պետք է ստեղծենք՝ զուգահեռաբար զարգացնելով հանրային տրանսպորտը: Հանրային տրանսպորտը Երևանում պետք է ունենա առավելություն, և մարդիկ օգտվելիս պետք է վստահ լինեն, որ դա ավելի շահեկան է և՛ ֆինանսական, և՛ ժամանակի խնայողության տեսանկյունից»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
***
Տրանսպորտային համակարգի բարեփոխումներով պայմանավորված՝ շուտով շահագործման կհանձնվի ավտոբուսի համար Հերացի փողոցում առանձնացված հերթական գիծը: Փոփոխությունն իրականացվում է հաշվի առնելով փողոցը սպասարկող հասարակական տրանսպորտի երթուղիների թիվն ու օրվա ծանրաբեռնված ժամերին փոխադրամիջոցների քանակը: Այս պահին իրականացվում են նախապատրաստական միջոցառումներ:
***
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Աճառյան փողոցում: Աշխատանքների հաջորդ փուլը կներառի Թումանյան փողոց:
***
Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և առողջ ապրելակերպը խթանելու նպատակով շաբաթ և կիրակի օրերին նախատեսվում է սահմանափակել փոխադրամիջոցների երթևեկությունը:
***
Գործադիրը շուրջ 620 մլն դրամ է հատկացրել Երևանի մետրոպոլիտենին. կփոխարինվի 32 անվազույգ և 4 կմ ռելս: Բացի այս, նախատեսված է ևս 200 մլն դրամի պահեստամասերի ձեռքբերում:
***
Երևանի ավտոբուսային հավաքակազմը կհամալրվի ևս 170 նոր ու ժամանակակից ավտոբուսով:
***
Մայրաքաղաքում մեկնարկում է ճանապարհների ընթացիկ սպասարկման փորձնական ծրագիրը: Նախագիծը կիրականացվի Ավանի 5՝ 13 կմ երկարությամբ և Նոր Նորքի 12՝ 21 կմ երկարությամբ քաղաքային նշանակության փողոցներում: հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգումներով, ճանապարհների ամուչ շերտի ճաքալցմամբ և գծանշմամբ, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ: Գծանշումների համար սահմանվել են որակապես նոր պահանջներ, առաջացած փոսերը վերացելու համար էլ կտրվի մեկ օր ժամանակ: