Երևան

«Մենք չենք ասում՝ գովազդ չպետք է լինի». Սուրեն Գրիգորյան

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է մայրաքաղաքի շենքերի վրայից գովազդային վահանակների ապամոնտաժման հարցին․

«Մենք չենք ասում՝ գովազդ պետք է չլինի։ Մեծ տեղ է բաց թողնված, քանի որ գովազդը պետք է առանձնանա, որ ամեն տնտեսվարող ստեղծագործելու տեղ ունենա»,- ասել է նա։

Ըստ Գրիգորյանի՝ ասվել է, որ Բաղրամյան պողոտայում մեծ վահանակները պետք է հանվեն, փոխարենը դրվեն ավելի փոքրերը, որոնց չափերը սահմանված են չափորոշիչներով․ «Մեծ վահանակները, որը տարիներ շարունակ տեսել ենք, դրանք տեղադրվում են մայրուղիներում, ոչ թե քաղաքային նեղ փողոցներում։ Մեզ մոտ մեծ վահանակների արգելքը բացարձակ է։ Բայց, կարծում եմ, որոշ տեղերում, օրինակ, Սարալանջում, որը նեղ տարածք չի, բնակելի շենքերը քիչ են, կարող են մեծ վահանակները որոշ ժամանակ մնալ։ Խնդիրը Կենտրոնի ու այլ շրջանների նեղ փողոցներին է վերաբերում, այլընտրանքն էլ առաջարկվում է տնտեսվարողին»,- ասել է նա։ 

Ըստ Գրիգորյանի՝ գովազդների բովանդակության մասին չափորոշիչները կսահմանվեն օրենքով։

Փոխքաղաքապետը նաև ասել է, որ շենքի արտաքին տեսքը չպետք է գովազդից տուժի․ «Այն ավելի մեծ հանրային շահ է, քան մեկ տնտեսվարողի շահը»։