Երևան

«Եթե մինչև հունվարի 1-ը Երևանում գովազդները չփոփոխվեն, համայնքը ինքնուրույն կփոխի». փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ եթե մինչև հունվարի 1-ը Երևանում գովազդները չփոփոխվեն, համայնքը ինքնուրույն փոփոխություններ կանի։

Ըստ նրա՝ նպատակն այն է, որ երևա Երևանի գեղեցիկ ճարտարապետությունը, քանի որ այսօր շատ շենքեր քողարկված են արտաքին գովազդով։ Նա նշել է, որ շատ քաղաքներ են այս խնդրին բախվել, և Երևանը նաև այդ փորձից է օգտվել. «Այսինքն, միակ նպատակն է քաղաքը ավելի գեղեցիկ, երևացող ճարտարապետությամբ դարձնելը»,- ասել է նա։ 

Ըստ Գրիգորյանի՝ այդ հարցը բազմիցս բարձրացվել է թե քաղաքացիների, թե ճարտարապետների կողմից․ «Պետք է գովազդները փոփոխել, և եթե մինչև հունվարի 1-ը դրանք չփոփոխվեն, համայնքն ստիպված է լինելու ինքնուրույն փոփոխություններ անել, իսկ դա անցանկալի սցենար է մեզ համար»,- ասել է Սուրեն Գրիգորյանը։

Փոխքաղաքապետը նաև նշել է. «Հիմա ակտիվ աշխատանքներ են իրականացվում հեռացնելու այն գովազդային նյութերը, որոնք կամ տեղադրվել են առանց որևէ թույլտվության կամ տնտեսվարողը դիմել է քաղաքապետարան և պատասխան ստացել, որ չի կարող այդ չափորոշիչների հիման վրա գովազդ տեղադրել, բայց այնուամենայնիվ, տեղադրել է»: