Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է, որ վտանգավոր է համարում Երևանի ու մարզերի միջև ֆինանսական համեմատությունը. «Խնդիրն այն չէ, որ Երևանում ավելի շատ գումար է ծախսվել, դրա համար են Երևանում կենտրոնացվել ինչ-որ պրոցեսներ։ Խնդիրն այն է, որ մարզերում չի ծախսվել առհասարակ։ Երբ մարզերում ենթակառուցվածքները չեն զարգացել, երբ չեն կառուցվել ճանապարհներ ու ջրագծեր, ինչի՞ հիման վրա պետք է զարգացում տեղի ունենար։ Երևանը նույնպես տասնամյակներով թերֆինանսավորվում էր»,- ասել է նա։
Տիգրան Ավինյանի կարծիքով՝ հնարավոր չէ տեսնել քաղաք, որն իր զարգացումն ապահովի միայն տուրքերի հիման վրա։ Ըստ նրա՝ կարևոր են մասհանումները. «Երևանում բնակիչները գալիս են առաջին հերթին մեզ մոտ, վարչական շրջանների ղեկավարների մոտ․․․ Մետրոպոլիտենում երբ խնդիր է լինում, առաջինը մենք ենք գնում՝ այդ հարցերով զբաղվում։ Եթե բավարար միջոց չունենք՝ ենթակառուցվածքները պահպանելու, մենք ֆիզիկապես այդ հնարավորությունը չենք ունենալու»։
Ըստ Ավինյանի՝ բյուջեի գերկենտրոնացված մոդելը, բացի այն, որ արդար չէ, նաև էֆեկտիվ չէ. «Եթե Երևանին կամ մարզերին, որպես ժառանգություն, ենթակառուցվածքներ ես տվել ու հետո բաշխում չես իրականացրել, որ առաջնային խնդիրները լուծվեն, ենթակառուցվածքները մաշվելու են պարզապես ու կորչեն»։
Խոսելով 2024թ. բյուջեի մասին՝ Ավինյանը նշեց, որ Երևանն ունի ճգնաժամային խնդիր. «Եթե միանգամից վերացվում է սուբվենցիան, որի հետ ես միանշանակ համաձայն եմ, եթե կիրառվում է դոտացիայի նոր բանաձև, Երևանը, լինելով մայրաքաղաք, ունենալով ամեն ինչի կենտրոնացվածություն (և՛ ենթակառուցվածքների, և՛ բնակչության, և՛ տնտեսության), ստանում է ընդհանուրից 10–%–ը, խնդրում եմ ասել՝ մենք էլ որտեղի՞ց գումար հայթայթենք, որ այդ խնդիրները լուծենք»։