ԿԸՀ-ն այսօր ուժը կորցրած ճանաչեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Անդրանիկ Գասպարյանի, Արտակ Հովակիմյանի, Սամվել Ղուկասյանի, Վահե Հակոբյանի, Միքայել Օհանյանի, Արմեն Մհերյանի, Լուսինե Դայանի, Ռազմիկ Մկրտչյանի և Ռոման Համբարձումյանի գրանցումը։
Հիշեցնենք՝ «Մայր Հայաստան» դաշինքից Դուստրիկ Մխիթարյանը և Ադրինե Ավագյանը մանդատները վաղաժամկետ դադարեցրել էին։ Նրանց փոխարեն մանդատները կտրվեն «Մայր Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Քոչարյանին և Գրիգոր Իսկանդարյանին։
Բացի այդ, ԿԸՀ-ն Երևանի քաղաքապետից ստացել է Երևան քաղաքի ավագանու անդամների մանդատները դադարեցնելու և լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հինգ արձանագրություն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մանդատները վաղաժամկետ դադարեցրել են Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը և Արամ Ազատյանը։ Նրանց փոխարեն մանդատները կտրվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Բարխուդարյանին, Հերմինե Ոսկանյանին և Զինա Չալիկյանին։