Երևան

Կենտրոնում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները մտնում են որակապես նոր փուլ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որտեղ ընդծել է, որ մայրաքաղաքի կենտրոնում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները մտնում են որակապես նոր փուլ։

«Հարգելի՛ բնակիչներ, տնտեսվարողներ,  հատկապես այս փուլում կարևոր է, որ համատեղենք մեր ուժերը՝ մաքրության կազմակերպման գործում տեսանելի արդյունքներ գրանցելու և մայրաքաղաքի մաքուր դիմագիծը պահպանելու համար: Հարգելի՛ տնտեսվարողներ, հորդորում ենք հետևել Առևտրի և ծառայությունների բաժնի կողմից մշակված ցուցումներին և աղբահանության աշխատանքները կազմակերպել ըստ ներկայացված  ժամային գրաֆիկի (16:30-17:00 և 22:30:23:00)։

Հարգելի՛ բնակիչներ, ձեր աջակցության և սրտացավության շնորհիվ նաև  կկարողանանք աղբահանության աշխատանքները հնարավորինս անխոչընդոտ կազմակերպել։ Աղբը թափե’ք սահմանված վայրերում տեղակայված աղբամանների մեջ՝  նախատեսված տվյալ աղբի համար։ Հիշեցնենք, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում տեսակավորված աղբի ընդունման համար տեղերը ավելացնելու ուղղությամբ, մինչ այդ խուսափեք թղթե տուփերն ու արկղերը  ուղղակի փողոցում թողնելուց, մեծ աղբամանների մոտ՝ առանց մշակելու, մասնատելու, սեղմելու, խուսափեք նաև հեղուկային պարունակությամբ աղբը մինչև աղբաման հասցնելը՝ տարածքը կեղտոտելուց՝ գարշահոտությունից խուսափելու համար։ 

Հորդորում ենք նաև լինել հանդուրժող փողոցներում և բակերում աղբահանություն իրականցնող մեքենաների կարճատև կայանման դեպքերի հետ կապված ՝ խուսափեք այդ աշխատանքների կազմակերպման ընթացքում անհարկի խոչընդոտներ առաջացնելուց։ Անչափ կարևոր է մեկնարկած գործընթացը և բոլորիս արդյունավետ փոխհամագործակցությունից է կախված մեր մայրաքաղաքում մեզ արժանի մաքուր միջավայր ունենալն ու պահպանելը։ 

Մայրաքաղաքի կենտրոնում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ-ի կողմից շարունակվում են իրականացվել մաքրման ամենօրյա աշխատանքներ»,- ասվում է Սամվել Ղուկասյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։