Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական վիճակի մասին։
Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն ասաց, որ տեխնիկական վիճակն այդքան էլ լավ չէ, սպասում են պահեստամասեր ստանան, որ որոշ վագոններ վերանորոգեն․
«Սպասում ենք։ Կառավարության կողմից ֆինանսավորում պետք է լինի»,- ասաց Սեդրակյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գործընթացքը։
Ըստ Սեդրակյանի՝ մեկ անգամ ֆիննախից մերժել են՝ հիմնավորելով, որ մյուս տարվա բյուջեով են նախատեսում այդ գումարը հատկացնել, բայց ուրբաթ օրը նաև ՏԿԵՆ է գրություն ուղարկվել։ Սեդրակյանը հույս ունի, որ կառավարության որոշումով կհաստատվի. «Հրատապ է, որովհետև չունենք անվազույգեր»։
Տիգրան Ավինյանը հանձնարարեց գրության համարն իրեն ուղարկել և նշեց, որ անձամբ ինքը դրանով կզբաղվի։
Սեդրակյանը տեղեկացրեց, որ 32 շարժակազմի անվազույգերն են փոխելու և մոտ 200 միլիոն դրամի էլ պահեստամասեր, իսկ 4 կիլոմետր ռելսերը ճանապարհին են և մոտ մեկ ամսից տեղ կհասնեն։