«Մենք առհասարակ որևէ առևտրի մեջ չենք մտել և չենք պատրաստվում մտնել։ Հարցերը, որ վերաբերում են քրեական դատավարություններին, քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց, չենք կարող առևտրի առարկա դարձնել, որովհետև այդ դաշտ չենք մտնում»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով ավագանու առաջին նիստում «Հանրային ձայն» խմբակցության ներկայությանը և դրանից հետո կալանավորված Արտակ Գալստյանի կնոջ ազատ արձակմանը։
«Ինչ տեղի է ունենում իրավապահ համակարգում, կատարվում է քաղաքական դաշտում տեղի ունեցող պրոցեսներից անկախ»,- ասել է նա։
Ավինյանը հիշեցրել է, որ ավագանու նիստին մասնակցել-չմասնակցելու մասին տարբեր ուժեր հանրայնորեն հայտնել են. «Մենք որևէ կերպ ոչ ներազդել ենք, ոչ առևտուր ենք արել որևէ մեկի հետ։ Նաև հատուկ շեշտել ենք՝ կան ուժերի տեսակներ, որոնց հետ որևէ կերպ որևէ գաղափար չենք կիսում և քննարկելու բան չունենք»։