Երևան

«Հանրային շահի գերակայությունն է ստեղծելու Երևանի զարգացման համար ներդաշնակ միջավայր». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հանրային շահի գերակայությունն է ստեղծելու Երևանի զարգացման համար այն ներդաշնակ միջավայրը, որտեղ մեր քաղաքը, պահպանելով իր յուրահատկություններն ու դիմագիծը, կնորացվի, կբարեկարգվի և էլ ավելի կգեղեցկանա»,- այս մասին ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը երդմնակալության հանդիսավոր արարողությունից հետո իր ելույթի ժամանակ: 

Տիգրան Ավինյանի խոսքով՝ բարեփոխումների իրենց ծրագիրը նախատեսում է մայրաքաղաքի համաչափ զարգացում, որով հավասար հնարավորություններ կստեղծվեն բոլոր վարչական շրջանների բնակիչների համար։ 

«Մեր հանձնառությունն է, որ մանկապարտեզ, դպրոց, համալսարան կամ աշխատանքի գնացող մարդու առօրյա հոգսերը հնարավորինս նվազեցնենք՝ քաղաքը դարձնելով առավել հարմար և հասանելի»,- ասաց քաղաքապետը, ապա հավելեց՝. «Քաղաքապետը պետք է հոգ տանի իր բնակիչների համար, որովհետև Երևանը մարդիկ են,մ ովքեր ապրում են մեր քաղաքում , ովքեր բախվում են խնդիրների, որոնց բախվում ենք բոլորս։ Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք, իսկ քաղաքն այդպիսին կարող է դառնալ մի պարզ սկզբունք պահպանելով՝ հանրային շահի գերակայությունը՝ անհատական շահի նկատմամբ»,- ևս մեկ անգամ շեշտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնելով՝ «ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն, քանի որ Երևանը առաջին հերթին մարդիկ են»: