Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի երդմնակալության ժամանակ շնորհավորել է Տիգրան Ավինյանին ընտրվելու առթիվ։ Նրա խոսքով՝ սա մեծ պատասխանատվություն է ոչ միայն Տիգրան Ավինյանի ու ՔՊ-ի, այլև բոլոր նրանց համար, ովքեր մասնակցել են ընտրություններին․
«Մարդիկ, որևէ մեկի օգտին քվեարկելիս, անկախ նրանից, թե ում, մի ակնկալիք են ունեցել՝ տեսնել ծաղկուն Երևան և երջանիկ երևանցիներ»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ խնդիրների լուծումը միայն քաղաքապետի գործը չէ, այլև ավագանու ողջ կազմի. «Այս ընտրությունները մի շատ կարևոր բան ցույց տվեցին՝ ժողովրդավարության անշրջելիությունը Հայաստանում։ Ընտրական ողջ գործընթացն անցավ լարված, բայց ընտրությունների և Հայաստանի ժողովրդավարական էությունը որևէ կերպ չստվերվեց, և սա շատ կարևոր արձանագրում է»,- ասաց նա։
Ըստ վարչապետի՝ այս ընտրությունները ցույց տվեցին իրենց անբեկանելի հավատարմությունը 2018թ. ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքներին, որի առաջնային նպատակը ժողովրդին, քաղաքացուն օժտելն է անբեկանելի իշխանությամբ․ «Ընտրությունների արդյունքներով մայրաքաղաքում կառավարման նոր մոդել է գործարկվելու. քաղաքի կառավարումը գործադիր հատվածում իրականացնելու են երկու ուժ՝ Քաղաքացիական պայմանագիր և Հանրապետություն կուսակցությունները»,- նշեց նա։
«Ընտրությունները՝ ընտրություն, բայց Երևանի ավագանու և քաղաքապետի, քաղաքապետարանի գործունեությանը հետևելիս մարդիկ մի հարցի պատասխան են ցանկանում լսել, տեսնել և զգալ՝ որքանո՞վ են իրենց ձայներով ավագանի ձևավորած ուժերը նվիրված Երևանի և երևանցիների խնդիրների լուծմանը։ Համոզված եմ, որ այս ճանապարհին կլինենք հետևողական»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ իրենց քաղաքական թիմը, 2018-ին Երևանի կառավարման պատասխանատվությունը ստանձնելով, էական, տեսանելի և շոշափելի փոփոխություններ է իրականացրել մայրաքաղաքում. «Այս նոր փուլում այդ փոփոխություններն ավելի տեսանելի ու շոշափելի կլինեն, և ուզում եմ հավաստիացնել, որ կառավարությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ Երևանի քաղաքապետի, ավագանու կողքին՝ հանուն Երևանի և երևանցիների»։