«Երևանցիներն իրենց քվեն տվեցին 5 քաղաքական ուժի, և դրանք ներկայացված են Երևանի ավագանում։ Հետընտրական շրջանում ամեն ուժ իր որոշումն է կայացնում, և այդ շրջանում գաղափարական նույն հենքի և ծրագրերը միասին իրականացնելու հիմքով «Հանրապետություն» խմբակցության հետ կազմեցինք ետընտրական դաշինք»,- ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների մեկի հարցին, թե քաղաքական առևտուր անելուց սակարկելու հարցում ում գինն էր ավելի բարձր։
Տիգրան Ավինյանն ասաց, որ իրենք պաշտոններ չեն կիսել՝ ի տարբերություն ոմանց․ «Ետընտրական շրջանում բոլորը տեսել են ամեն ինչ։ Պետք չէ անուններով ամեն ինչ կոչել։ Ամեն ինչ եղել է հանրային, բոլորը բացահայտ իրար հետ այդ առևտուրն իրականացրել են։ Մենք ասել ենք՝ մերժում ենք այդ ձևը։ Մենք հրաժարվում ենք այլ ուղղվածություններ ու այլ գաղափարական հենք ունեցող խմբակցությունների հետ որևէ դաշինք կազմել։ Եթե քո ծրագրերը նույն բանի մասին չեն, եթե դու, օրինակ, չես մտածում Երևան քաղաքի, երևանցիների մասին, եթե դու նույնիսկ այս երկրի մասին չես մտածում, եթե դու այլ երկրի շահերին պոտենցիալ ծառայող ես, մենք չենք կարող նման ուժերի հետ դաշինք կազմել։ Եվ մեզ մոտ քաղաքական առևտուր տեղի չի ունեցել։ Սա համագործակցության շուրջ դաշինք է»։