Երևան

Հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող ուժերը ստացել են ձայների գերակշիռ մեծամասնությունը․ Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող ուժերը ստացել են ձայների գերակշիռ մեծամասնությունը․ Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները շատ հարցերի շուրջ մտածելու տեղիք են տալիս․ իր ելույթում հայտարարել է Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով, ընտրությունները տվեցին նաև մի շարք սկզբունքային հարցերի պատասխաններ և արձանագրեցին կարևոր իրողություններ․ «Ընտրությունների պաշտոնական արդյունքները ճշգրիտ են արտահայտում ընտրական տեղամասեր գնացած քաղաքացիների քվեարկության պատկերը: Այն աստիճանի, որ մանդատների բաշխման քարտեզը սկզբունքային այլ տեսք կունենար, եթե 53 քվեներ մի փոքր այլ կերպ բաշխվեին: Խոսուն է փաստ է նաև այն, որ որևէ քաղաքական ուժ չի բողոքարկել ընտրության արդյունքները»:

Ըստ Ավինյանի, ընտրությունների արդյունքները, քարոզարշավի և քվեարկության ընթացքում էական խախտումների բացակայությունը՝ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած սկզբունքների ապացույցն են։

«Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ 2018 թվականի Հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող ուժերը ընտրությունների արդյունքներով ստացել են ձայների գերակշիռ մեծամասնությունը: 

Անկախ այն բանից, թե այդ ուժերը նախընտրական շրջանում ինչ կարծիք են հայտնել միմյանց նկատմամբ, ընտրողների առաջ նրանք հանդես են եկել որպես Հեղափոխության արժեքների կրող ու պաշտպան, և հետևաբար, քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն իր ձայնը տվել է Հեղափոխությանը և Հեղափոխության մեծագույն ձեռքբերում հանդիսացող ժողովրդավարությանը։ Ուստի, ցանկացած փորձ, այդ ձայները կիսելու ապապետական, կոռումպացված և հակաժողովրդավարական ուժերի հետ, կնշանակի քաղաքացիների տված քվեի բռնազավթում՝ հակաժողովրդավարական ուժերի կողմից»,– ասել է նա։

Ավինյանը տեսակետ է հայտնել, որ ընտրությունների արդյունքներով Հեղափոխությանը տրված վստահության քվեն պետք է արտահայտվի․ «Եվ դա կարևոր է ոչ միայն Հեղափոխությանը քվեարկած ընտրողների ձայները հակահեղափոխության դիրքերից հանդես եկողների, Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը կասկածի տակ դնողների նպատակներին չծառայեցնելու, այլև Երևանում սկիզբ առած լայնածավալ կապիտալ ներդրումների, բարեփոխումների բնականոն ընթացքն ապահովելու համար:

Սա կարևոր է նաև մեր պետականության շուրջ համախմբվելու, Երևանը արտաքին աշխարհից թելադրվող անկայունության թատերաբեմ չդարձնելու տեսակետից»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական