«Նախընտրական շրջանում մենք բավական թեժ բանավեճեր ենք ունեցել մեր ընդդիմադիր գործընկերների հետ, բայց կարող եմ փաստել, որ շատերի ծրագրերը նույնական են եղել։ Եղել են ծրագրեր Երևանի զարգացման մասին, եղել են տրանսպորտային ցանցին վերաբերող դրույթներ, եղել են բակային տարածքների, այգիների վերականգնման վերաբերյալ դրույթներ, եղել են դրույթներ՝ կառուցել տարբեր նոր համակարգեր․ լինի ճոպանուղի, թե մետրոյի կայարան։ Կարևոր է, որ այս դրույթները ընդհանրական են»,- այս մասին հայտարարեց Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ըստ քաղաքապետի՝ ընտրությանը մասնակցող բոլոր ուժերն իրենց ծրագրերում ունեցել են այնպիսի կետեր, որ բոլորի նախընտրական ծրագրերում արտացոլվել են․ «Ես հանձն եմ առնում, որ Երևանի քաղաքապետարանը իր ողջ ներուժով ծառայելու է այդ ընդհանրական դրույթների իրականացմանը»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին այսօր 32 կողմ, 5 դեմ ձայնով Երևանի 15-րդ քաղաքապետ ընտրեց Տիգրան Ավինյանին։