Երևան

«Պետական պաշտոնը կարկանդակ չէ. դա ծառայություն և ծանր աշխատանք է». Արտակ Զեյնալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այս հուշագրով Երևան քաղաքի կառավարումը «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցություններն իրականացնելու են միասին, և դա նշանակում է, որ գործադիրում նշանակումները նույնպես իրականացվելու են փոխհամաձայնեցված, ու ընդհանուր կառավարումն իրականացնելու են այս երկու խմբակցությունները»․ Երևանի ավագանու նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պարզաբանելով, թե ինչ է ենթադրում հուշագրի ստորագրումը։

Լրագրողի հարցին՝ փոխքաղաքապետի պաշտոնը բաժին է հասնելու «Հանրապետություն» խմբակցությա՞նը, Երևանի քաղաքապետը պատասխանեց՝ «բոլոր մանրամասները նիստերին հայտնի կդառնան»․ 

«Այս բոլոր հարցերը վերաբերում են մեր ներքին քննարկումներին, և դրանց արդյունքում կներկայացնենք բոլոր այն պաշտոնյաներին, որոնք պատասխանատվություն պետք է ստանձնեն գործադիրում»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Ի հավելումն՝ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանն ասաց․ «Պետական պաշտոնը կարկանդակ չէ. դա ծառայություն և ծանր աշխատանք է։ Դա պատասխանատվության ստանձնում է, և ևս մեկ անգամ կրկնեմ՝ դա որևէ մեկին տրված պարգև չէ»։