Երևանի ավագանին արտահերթ նիստում ընդունեց Ավագանու կանոնակարգում փոփոխությունների նախագիծը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 10-ին նորընտիր ավագանու առաջին նիստն է, որտեղ էլ պետք է ընտրվի Երևանի քաղաքապետը. «Գործող օրենսդրության պայմաններում առաջին դեպքն է, երբ քաղաքապետ չի նշանակվում ուժերից մեկի՝ 50%–ից ավելի ձայն հավաքելու արդյունքում, ուստի, ուսումնասիրելով կանոնակարգը, պարզ դարձավ, որ մանրամասն կանոնակարգում նիստի, թե ինչպես պետք է այն անցկացվի, բացակայում է։ Բացի այդ, օրենքում ունենք մի դրվագ, երբ նշված է՝ քվեարկությունը պետք է անցկացվի քվեաթերթիկներով, բայց կոնկրետ, թե ինչպես այն պետք է ապահովվի, նշված չէ։ Կանոնակարգի փոփոխություններն ուղղված են հենց այդ գործընթացը կանոնակարգելուն»,- ասել է նա։
Գրիգորյանը նաև նշել է, որ ավագանու կանոնակարգում կատարվել են այլ փոփոխություններ, և այն համապատասխանեցվել է գործող օրենսդրությանը։
Որոշումն ընդունվեց 33 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։