Երևան

«Տեսել եմ Տիգրան Ավինյանի աշխատանքը և աջակցում եմ նրան»․ ՀՀ վարչապետ

Որոշել ենք, որ մեր թեկնածուն Տիգրան Ավինյանն է, այդ իսկ պահից աջակցել ենք նրան։ Ինքս էլ կողմ եմ քվեարկել նրա թեկնածությանը։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ 

«Ես տեսել եմ նրա աշխատանքը որպես ՀՀ փոխվարչապետ և վստահ եմ, որ նա կարող է տրամաբանական ավարտին հասցնել այն ծրագրերը, որոնք ՔՊ-ն առաջարկում է Երևանի բնակիչներին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե այդ մասին պաշտոնական հայտարարություն չի արել, վարչապետը նշեց, որ, ցավոք, անվտանգային միջավայրն ու օրակարգը շատ ժամանակ են խլում։ 

«Հիմա կոչ եմ անում քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին՝ համար 2 քվաերաթերթիկ։ Առաջիկայում պլանավորում ենք մայրաքաղաքի երթ իրականացնել, որին ամբողջ քաղաքական թիմով կմասնակցենք։ Երթը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին՝ կմեկնարկի Էրեբունի թանգարանի հրապարակից և կուղղորդվի դեպի Երևանի քաղաքապետարան, որտեղ էլ կունենանք եզրափակիչ հանրահավաք»,- նշեց վարչապետը

Փաշինյանը նաև հայտարարեց, որ ՔՊ-ն չի կարող վարչական ռեսուրս օգտագործել, չի կարող նման գործելակերպ ունենալ, քանի որ դա հակասում է ՔՊ-ի էությանն ու արժեհամակարգին։

«Ես՝ որպես կուսակցության վարչության նախագահ, կարող եմ ասել, որ ցանկացած նման դեպք, որը կհիմնավորվի որպես այդպիսին, կունենա օրենքով սահմանված գնահատական»,- նշեց նա։