Երևան

«Երևանցիների հանդուրժողականությունը նույնպես սահմաններ ունի». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին անդրադարձել է մայրաքաղաքում իրականացվող ներդրումային ծրագրերին։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասներ է ներկայացրել իրականացվող ծրագրերի մասին. «Հաշվի առնելով երթևեկի համար կուտակված և առաջացած անհարմարությունները, շաբաթ օրվա պայմանավորվածության համաձայն՝ առաջիկա շաբաթվա ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից խրամուղիների նոր քանդումներ չեն իրականացվի։ Այդ ներուժը կդրվի Հալաբյան, Աբելյան, այնուհետ՝ Սարալանջի, Աճառյանի հատվածներում ասֆալտբետոնե ծածկույթի վերականգման վերջնական շերտի ապահովման աշխատանքների վրա։ Պայմանավորվել ենք, որ այս աշխատանքների ավարտից հետո նոր կանցնեն խրամուղիների փորմանը»։

Արեյանը նշել է, որ պայմանավորվել են կահավորման հարցում լինել չափազանց զգոն և պահպանել պայմանագրով նախատեսված կանոնները։

Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է, որ տեսանելի ու անտեսանելի ահռելի ծավալի աշխատանք է տարվում. «Այն ենթակառուցվածքները, որ այս տարի կառուցվում են՝ գազատարներ, կոյուղիներ, ջրագծեր, երկար տարիներ ծառայելու են Երևանին ու երևանցիներին, բայց, այո, կարևոր է գործընթացը, կահավորումը ճիշտ կազմակերպելը»։ 

Ավինյանը նշել է, որ երևանցիները կհանդուրժեն այս ծավալի աշխատանքը, բայց այդ հանդուրժողականությունը նույնպես սահմաններ ունի. «Հասկանում եմ՝ ծավալը, աշխատանքներն ահռելի մեծ են, բայց կահավորման հետ կապված չպետք է խնդիր ունենանք։ Կապ չունի՝ ով է, ինչ է, եթե խնդիր կա, գնում են՝ տուգանում են։ Այսուհետ այս կերպ է աշխատելու մեր համակարգը»։