Երևան

«Նման ներկայացումները մեր քաղաքում պետք է դառնան ավանդույթ». Տիգրան Ավինյանը՝ Երևանում օպերային երեկոների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում սեպտեմբերի 12-15-ը, առաջին անգամ, Թումոյի այգում Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի «Օպերա՝ բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը: Սեպտեմբերի 12-ին և 13-ին կներկայացվի հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, սեպտեմբերի 14-ին կցուցադրվի Ջուզեպպե Վերդիի հռչակավոր «Տրավիատա» օպերային ներկայացումը, իսկ սեպտեմբերի 15-ին կկայանա եզրափակիչ «Օպերա գալա» ծրագիրը՝ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի ղեկավարությամբ:

Համերգին կմասնակցեն հայ և համաշխարհային օպերային աստղեր Վերոնիկա Ջիոևան, Անահիտ Մխիթարյանը, Կարինա Ֆլորեսը, Ռամիզ Ուսմանովը, Մարգարիտա Գրիցկովան, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, Ազամատ Ժելտըրգուզովը:

Միջազգային արտիստների՝ Երևան ժամանելու թռիչքների հետ կապված՝ գալահամերգը սեպտեմբերի 15-ին 1 ժամով հետաձգվել է․ կկայանա 21:00-ին:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին ասաց, որ բալետային երեկոների նախորդ փորձը ստացված էր. «Վստահ եմ՝ օպերային երեկոները նույնպես ստացված են լինելու»։ 

Նա երևանցիներին հրավիրեց մասնակցել օպերային երեկոներին՝ շեշտելով, որ դրանք անմոռանալի են լինելու. «Նման ներկայացումները մեր քաղաքում պետք է ավանդույթ դառնան»։