Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հետաքրքրվել է «Համատիրությունների մասին օրենքում» փոփոխությունների նախագծի շրջանառության մեջ դնելու աշխատանքներից։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասներ է հայտնել՝ տեղեկացնելով. «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ խորհրդակցություն ենք ունեցել. հայեցակարգի նախագիծ էր ձևավորվել, որի հիման վրա պետք է նոր օրենքը ձևավորվի։ Քննարկման արդյունքում որոշվեց գնալ նոր սկզբունքներով, իմպերատիվ մասը դարձնել ավելի գերակշռող։ Ըստ այդ հայեցակարգի՝ սկսել են օրենքի դրույթների ձևակերպման աշխատանքները։ Դա տևական ժամանակ կպահանջի։ Առաջարկում եմ ևս երկու ամիս տալ, մինչև նախագծի նախնական տարբերակը կտեսնենք միջգերատեսչական հանձնաժողովի կողմից»։
Նրա խոսքով՝ այժմ դրվում է համատիրության ինստիտուտի վերափոխման խնդիր. «Շահույթի նպատակ չհետապնդող այս մեխանիզմը բերել է համատարած անպատասխանատվության։ Գնալու ենք այն ճանապարհով, որ այստեղ մրցակցային դաշտ ձևավորվի։ Կարևոր է, որ շենքերի թվաքանակի կառավարելիության աստիճանը չթողնել այդպես անսահման, ինչ-որ կարգավորում պետք է մտցնել այստեղ»,-նշել է Կամո Արեյանը։