Երևան

Նախագծային նոր լուծումներ ու նոր մոտեցումներ. Դավթաշենի կենտրոնական այգին կհիմնանորոգվի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են. Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին ամբողջությամբ կհիմնանորոգվի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Այգին կունենա արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգ, հարմարավետ զրուցատաղավարներ, հովանոցներ, նստարաններ ու աղբամաններ, կկառուցվի նաև շատրվանային համալիր: 
***
Ընթացիկ տարում մայրաքաղաքում կկառուցվի շուրջ 60 թեքահարթակ: Գործընթացը կլինի շարունակական, իրականացվում են գույքագրման աշխատանքներ: 
***
Համատիրությունների խնդիրը լուծելու նպատակով մշակվում է նոր հայեցակարգ: Նախագծով կունենանք հանրային ծառայություններ մատուցող և նոր տրամաբանությամբ գործող օպերատորների կառույց: 
 
***
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում: Աշխատանքների հաջորդ «կանգառը» Թումանյան և Վարդանանց փողոցներում է: 
***
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից ավելի քան 15500քմ տարածքում նոր շենք կկառուցվի։ Մարզական կառույցը համապատասխանելու է բոլոր չափորոշիչներին` մարզումներ ու միջազգային մրցույթներ կազմակերպելու տեսակետից: