Դալմայի այգիների 200 հա տարածքում նոր կանաչապատ այգի հիմնելու ծրագիրը նախագծման փուլում է։ Երևանը կունենա հսկայական անտառ-այգի՝ Նյու Յորքի կենտրոնական այգու հայեցակարգային տրամաբանությամբ։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեց այգու հայեցակարգային մոդելը։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, որ սա ամենակարևոր ծրագրերից մեկն է. «Սա մեր խոստացած ամենակարևոր ծրագրերից մեկն է։ Մոտ 200 հա տարածքում նոր կանաչապատ այգի հիմնելու վերաբերյալ և յուրաքանչյուր այլ գործում՝ հատկապես մեծ գործերում, պլանավորումն ամենակարևոր հատվածն է։ Ժամանակ ծախսելը ևս շատ կարևոր է՝ ունենալու գրագետ կառուցված կոնցեպտ, որից հետո ունենալ նախագիծ, իսկ նախագծից հետո անցնել իրականացման փուլին։ Երևան քաղաքը կունենա մի հսկայական՝ նախադեպը չունեցող անտառ-այգի, որը, կարծում եմ, կդառնա երևանցիների ամենասիրելի վայրը»։