Երևան

Մեկնարկում է «Երևանը կանանց համար» դրամաշնորհային ծրագիրը

Մեկնարկում է «Երևանը կանանց համար» դրամաշնորհային ծրագիրը. հայտնում են քաղաքապետարանից։

Նախաձեռնության գլխավոր նպատակը Երևանում ապրող և ստեղծագործող կանանց ոգեշնչելն է՝ տարածելով և արժևորելով նրանց կողմից ստեղծված մշակութային արժեքները։ 

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 30 մլն ՀՀ դրամ:

Ծրագիրը կիրականացվի հետևյալ ուղղություններով՝ 

  Արվեստի կրթություն.

Այս ծրագրին կարող են դիմել 2023-2024 ուսումնական տարում արվեստի և մշակույթի ոլորտի մասնագիտություններով ՀՀ կամ արտասահմանյան բուհեր մագիստրոսական ծրագրով ընդունված, ՀՀ քաղաքացի հանդիսացող, իգական սեռի այն ուսանողները, որոնք ընդունվել են բուհ գերազանց (95% և բարձր) գնահատականներով (20 բալանոց համակարգի պարագայում՝ 19 միավոր և ավելի, 4 բալանոց համակարգի պարագայում՝ 3.8 և ավելի, այլ գնահատման համակարգի դեպքում՝ գործում է սույն համամասնության սկզբունքը):

Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ը, ժամը 24:00-ն է։

  Գրականություն

Ծրագրին կարող են դիմել արձակ ոճում հրապարակված/հրատարակված ստեղծագործության հեղինակ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կին գրողները, որոնք մինչև 2025 թվականը պետք է ներկայացնեն հայ անվանի կնոջ/կանանց մասին արձակ ստեղծագործություն (վեպ):

Դիմելու վերջնաժամկետն է նոյեմբերի 15-ը, ժամը 24։00-ն։

  Գեղարվեստ 

Ծրագրին կարող են դիմել ՀՀ ռեզիդենտ համարվող այն անհատները/կազմակերպությունները, որոնք մինչև 2024 թվականը Երևանի ցուցասրահներից մեկում կիրականացնեն կին արվեստագետի/արվեստագետների կերպարվեստի (գեղանկարչություն, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ) աշխատանքների առնվազն 10-օրյա ցուցադրություն: 

Դիմելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 30-ը, ժամը 24:00-ն։

  Քանդակագործություն

Ծրագրին կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ունեցող կին քանդակագործները, որոնք կներկայացնեն քաղաքային քանդակի ոճով իրականացված աշխատանք՝ էսքիզային տարբերակով և մանրակերտով: Ընտրական փուլի արդյունքների ամփոփումից և հաղթող ճանաչվելուց հետո, հատկացված դրամաշնորհի շրջանակում, 2024 թվականի ընթացքում պետք է իրականացվեն քանդակի պատրաստման և տեղադրման աշխատանքները: 

Դիմելու վերջնաժամկետն է նոյեմբերի 15-ը, ժամը 24:00-ն։

  Թատերարվեստ 

Ծրագրին կարող են դիմել ՀՀ ռեզիդենտ համարվող այն անհատները/կազմակերպությունները, որոնք կներկայացնեն ժամանակակից կին թատերագրի պիես, որի բովանդակությունը կվերաբերի կանանց հիմնախնդիրների գեղարվեստական արծարծմանը: Ընտրական փուլի արդյունքների ամփոփումից և հաղթող ճանաչվելուց հետո, հատկացված դրամաշնորհի շրջանակում, 2024 թվականի ընթացքում պետք է իրականացվի պիեսի բեմադրությունը Երևան քաղաքում գործող թատերական կազմակերպություններից մեկում:

Դիմելու վերջնաժամկետն է նոյեմբերի 15-ը, ժամը 24:00-ն։

  Երաժշտարվեստ

Ծրագրին կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ունեցող կին կոմպոզիտորները, որոնք կներկայացնեն կամերային ժանրի ստեղծագործություն (գործիքային, վոկալ, վոկալ-գործիքային): Ընտրական փուլի արդյունքների ամփոփումից և հաղթող ճանաչվելուց հետո, հատկացված դրամաշնորհի շրջանակում, մինչև 2024 թվականը պետք է իրականացվի ստեղծագործության առաջին կատարումը Երևան քաղաքում գործող, առնվազն 300 ունկնդրի համար նախատեսված դահլիճներից մեկում: 

Դիմելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 30-ը, ժամը 24:00-ն։

Մանրամասներն այստեղ։