Երևան

Մայրաքաղաքում 16 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի

Օպերային երեկոներ՝ Թումոյի այգում. Երևանի քաղաքապետարանի մշակութային հերթական նախաձեռնությունը մայրաքաղաքում: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նախագիծն իրականացնելու ուղղությամբ:    
***
«Հայգեր» մակնիշի շուրջ 250 ավտոբուսները կփոխարինվեն էլեկտրական ավտոբուսներով: Գործընթացը մեկնարկելու նպատակով հանձնարարվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ սկսել բանակցությունները:   
***
Երևանի մետրոպոլիտենում շահագործվող 1976թ. արտադրության շարժակազմերը կփոխարինվեն նորերով։ Նախատեսվում է ձեռք բերել 45 նոր շարժակազմ, տեխնիկական բնութագրերն արդեն պատրաստ են: 
***
Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կկառուցվի նոր այգի: Հանգստի գոտին կունենա շատրվանային ավազան, կասկադային աստիճանահարթակներ, երեխաների համար խաղահրապարակներով կահավորված հատված ու շների զբոսանքի համար առանձնացված տարածք: Այգում կհիմնվի անտառային գոտի, տարածքը ապահովված կլինի ոռոգման համակարգով:  
***
«Փակ շուկայի» դիմացի գետնանցումն արդեն հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար. տեղադրվել է հատուկ վերելակ: Երևանում  այս տարի շուրջ 20 նմանատիպ վերելակ կտեղադրվի: 
***
Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով բոլոր վարչական շրջաններում կառուցվում են հատուկ մարզահրապարակներ: Ընդհանուր առմամբ կկահավորվի 24 բակային տարածք: 
***
Շինբարեկարգման ծրագրով ընթացիկ տարում մայրաքաղաքում 16 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Եվս 25 կմ էլ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից:  
***
Մեկնարկել են Նորք-Մարաշը Սարալանջին կապող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները: Քարքարոտ ու անանցանելի այս հատվածը կդառնա շուրջ 1.4 կմ երկարությամբ ու 7մ լայնությամբ ժամանակակից ճանապարհ: Տարածքում կիրականացվեն նաև ենթակառուցվածքների անցկացման աշխատանքներ: