Երևան

«Զեյթունում հսկայական փոշու ամպը տեսանելի չէր, կենտրոնում շենքերի լվացո՞ւմն էր տեսանելի». Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հետաքրքրվեց՝ վարչական իրավախախտման արձանագրություն կազմվե՞լ է Քանաքեռ-Զեյթունում շինաշխատանքներով պայմանավորված փոշու ամպերի հետ կապված։ 

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանն ասաց, որ տեսուչները ուրբաթ երեկոյան մոտեցել են և նախազգուշացրել, որ միջոցներ ձեռնարկվեն, այսօր ևս տեղազննություն է լինելու, և, ըստ դրա, իրականացվելու է վարչարարություն։

Տիգրան Ավինյանը նշեց, որ պետք է պրոակտիվ լինել, և խոշոր շինարարություն իրականացնողները արդեն պիտի տեղեկացված լինեին, որ այս խնդիրը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, և այստեղ անիմաստ խոսակցություններով չեն զբաղված․ «Եթե շինարարները չեն հասկանում, որ մենք ուղղակի չենք խոսում, պետք է հետևանք լինի, դա նշանակում է, որ այդ հետևանքը զգալի չէ իրենց համար։ Չեն մտածում, որ կոնկրետ քայլեր կձեռնարկենք։ Հիմա գնացեք, կոնկրետ այդ դեպքով ինչ իրավախախտում է տեղի ունեցել, համապատասխան արձանագրությունը կազմեք։ Ու ամեն օր», - հանձնարարեց Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով․ «Փոշու հետ կապված որևէ ահազանգի դեպքով եթե որևէ տեսանյութ հասանելի է դառնում ինձ, նշանակում է՝ առաջին հերթին ձեզ պետք է հասանելի դարձած լիներ, դուք արդեն գնացած պետք է լինեիք և տվյալ շինարարին տուգանած լինեիք։ Լիազորությունները տվեցինք, չէ՞, պարոն Ասատրյան»։

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետն էլ ասաց, որ մինչև սեպտեմբերի 1-ը տվյալները կփոխանցեն տեսչական մարմնին, իսկ սեպտեմբերի 1-ից հետո հնարավորություն կունենան վարչարարություն իրականացնել։

Տիգրան Ավինյանը, դիմելով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցչին, դիտարկում արեց, թե ինչպես է ստացվում, որ  տեսչական մարմինը հետևողական գնում և տուգանում է Կենտրոնի շենքերի լվացման առնչությամբ, բայց Քանաքեռ-Զեյթունի փոշու ամպերը տեսանելի չէ նրանց համար․ «Այսինքն, այն հսկայական փոշու ամպերը, որ տարածվել էր քաղաքով, տեսանելի չէր, Կենտրոնի շենքերի լվացու՞մն էր տեսանելի։ Ու, ինչպես հասկանում եմ, ուրիշ այլընտրանք էլ չկա այդ շենքերի լվացման համար, ձև չկա։ Այդտեղ հարց․ կարող է՞՝ դուք եք թերանում այդ մասով, բայց դա առանձին խոսակցության թեմա է։ Մենք չենք կարող անընդհատ խոսենք, խոսենք, խոսենք, ու արդյունք չլինի։ Պարոն Ասատրյան, ես ակնկալում եմ, որ սեպտեմբերի 1-ից այս բոլոր հարցերով ձեր վարչությունը կզբաղվի»։

Մանրամասները՝ տեսանյութում