«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 5 տարի իրականացրել է այն ծրագրերը, որոնց մասին խոսել ենք դեռևս 2017 թվականին։ Այդ բոլոր ծրագրերը մեր քմահաճույքները չեն եղել․ հիմնված են եղել երևանցիների՝ մեզ ասված խոսքի վրա». Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կուսակցության դրամահավաք-երեկոյի ժամանակ հայտարարել է ՔՊ վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ օգոստոսի 15-ից Երևանում այլևս ոչ մի «Գազել» չի երթևեկի՝ որպես տրանսպորտ.
«Մեզ ասել են, որ 1950-70-ականներին, վերջերս նաև պարզվել է, որ 2000-2010-ականներին տեղադրված վերելակները վտանգավոր են։ Եվ վտանգավոր են բազմաթիվ բազմաբնակարան շենքերում, որոնք փոխարինվել են նաև վերջին 5 տարվա ընթացքում։ Հաջորդ մեր հնգամյակի պարագայում ուզում եմ հստակ ֆիքսել, որ մնացյալ բոլոր 3149 վերելակները Երևանում փոխված են լինելու։ Մեզ ասել են, որ հանրային տարածքները օտարված են, և այգիներում կրպակներ կան, հին սրճարաններ, որոշ դեպքերում՝ մսի պասաժներ, և հանրային տարածքներն ու այգիները հարմար չեն երեխաների և ընտանիքների զբոսանքի համար։ Ուզում եմ տեղեկացնել, որ Երևանում այս պահի դրությամբ Մերգելյանի այգում, Օղակաձև այգում, «Դավիթ Անհաղթի» անվան այգում, «Մինաս Ավետիսյանի» անվան այգում, Կոմիտասի շուկայի կողքի հարակից այգում, Հաղթանակի 40-ամյակին նվիրված այգում, Դավթաշենի 1-2-րդ թաղամասի միջակայքի այգում, և այսպես շարունակ, քաղաքի 15 այգում տեղի են ունենում հիմնանորոգումներ։ Եվ այդ այգիները վերադարձվում են երևանցիներին։
Մեզ ասել են, որ քաղաքի բակերը լցված են ավտոտնակներով։ Եվ Երևանը միգուցե հարմար է ավտոտնակների, բայց ոչ՝ երևանցիների, երեխաների, հանգստի համար։ Միայն այս տարի հատկացվել է 5,7 միլիարդ դրամ՝ երևանյան բակերում հիմնանորոգումներ իրականացնելու, ավտոտնակները ֆուտբոլի դաշտերով և հանգստի գոտիներով փոխարինելու համար։ Համեմատության համար ասեմ՝ վերջին 10 տարվա հանրագումարում այս մեկ տարվա չափով գումար հատկացված չի եղել»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով․ «Այս տարի Երևան քաղաքում 210 բակ է հիմնանորոգվելու»։