Երևան

Ստորգետնյա ավտոտնակներ՝ վերգետնյա խաղահրապարակներով. փորձնական ծրագիրը կմեկնարկի Արաբկիրից

Մայրաքաղաքում աղբահանության հետ կապված խնդիրը լուծված է: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ փողոցների և բակային տարածքների մաքրությունն ապահովել է 495 սանմաքրման աշխատակից, երկու հերթափոխով աղբահանություն է կատարել 73 աղբատար մեքենա, գործընթացին ներգրավվել են նաև ԵԱՍՄ համայնքային հիմնարկի 3 փոշեկուլ և 21 ջրցան մեքենա: 
***
Երևանյան մանկապարտեզներում համայնքը դիտարկում է ներդնել երկարօրյա ծառայություն՝ վճարովի հիմունքներով: Հարկ է նշել, որ հատկապես աշխատող ծնողների կողմից խնդիրը հաճախ է բարձրաձայնվում: Կարևորելով նախագծի իրականացումը՝ փոխքաղաքապետ Ավինյանը նշել է, որ ենթակառուցվածքների առումով Երևանի քաղաքապետարանը մեծ ծավալի աշխատանք է իրականացնում.  այս տարի հիմնանորոգման փուլում է 24 մանկապարտեզ, 2024թ. նախատեսված է 33,  2025թ.՝ 35 մանկապարտեզի հիմնանորոգում: 
***
Երևանը հաջորդ տարվանից պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր վարչական շրջան ունենալու է ճանապարհները սպասարկող «Ճանշին» ընկերություն: Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել Ավանից: Վարչական շրջանն ունի 13 կմ ճանապարհ, գույքագրման արդյունքում նախատեսվում է իրականացնել 5350 քմ փոսալցում, 59050 գծմ ճաքալցում, 85650 գծմ գծանշում, շուրջ 1000 դիտահորերի բարձրացում ու 189 նշանների սպասարկում: 
***
Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրման գործընթացն ավարտական փուլում է: Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում  այս տարի շուրջ 20 վերելակ կտեղադրվի: Նախագիծը Երևանն ավելի հարմար ու հասանելի դարձնելու ծրագրի կարևոր բաղադրիչներից է:  
***
Կիևյան կամուրջը կհիմնանորոգվի. ծրագիրը կիրականացվի երկու փուլով:  Այս տարի կնորոգվեն հենարանները, կամարների արտաքին ու ներքին մակերեսները, հաջորդ տարի՝ կամրջի երթևեկելի հատվածը: 
***
Ավտոտնակներով ծանրաբեռնված երևանյան բակերը բարեկարգելու համար համայնքը նախանշում է մասնավորի հետ գործակցությամբ սկսել ծրագիր: Նախագիծը կմեկնարկի Արաբկիրից. կկառուցվեն ստորգետնյա ավտոտնակներ, որոնց վերին հատվածում կլինեն խաղահրապարակներ: 
***
Երևանի պատմական թաղամասերից մեկում՝ Նորագյուղում, համայնքը կառուցապատման խոշոր նախագիծ է դիտարկում: Նախագծի նպատակն է բեռնաթափել կենտրոնն ու ստեղծել երկնաքերերով ու արդի քաղաքաշինական լուծումներով նոր թաղամաս: Այն ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին:  Մինչ ներդրումային ծրագրի մեկնարկը, փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է լուծել Նորագյուղում ապրող բնակիչների սեփականության իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները: