Երևան

Աջափնյակ վարչական շրջանում ընթանում են լայնածավալ շինբարեկարգման աշխատանքներ

Աջափնյակ վարչական շրջանում ընթանում են լայնածավալ շինբարեկարգման աշխատանքներ։ Այսօր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը, ղեկավարի տեղակալ Սերոբ Սարգսյանը, աշխատակազմի քարտուղար Գրիգոր Գասպարյանը և բաժինների պատասխանատուներն այցելել են Գ. Զոհրապի փողոց, որի մի հատվածում իրականացվում են նոր կոյուղագծի կառուցման աշխատանքներ, որը տարիներ շարունակ բազմաթիվ խնդիրների առաջ էր կանգնեցրել փողոցի բնակիչներին։

Ղեկավար կազմն այցելել է նաև Էստոնական փողոց, որտեղ իրականացվում է ճանապարհի ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր. տվյալ հասցեում կատարվում է տաշման (ֆրեզավորման) աշխատանքներ։ Շրջայցը շարունակվել է Լուկաշին նորաստեղծ թաղամասում, որտեղ իրականացվում է ասֆալտի տաշվածքով ճանապարհի բարեկարգում. այն Լուկաշինի առաջին փողոցը կապում է Հյուսիս-հարավ ճանապարհին։

«Նորաշեն (16-րդ) թաղամասի երրորդ շղթայում մեկնարկել է այգու հիմնանորոգման աշխատանքները, որտեղ կունենանք գեղեցիկ այգի` իր բոլոր հարմարություններով, ինչպես նաև` շատրվաններ։ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը շինարարների հետ քննարկել է շինարարական ընթացքի վերաբերյալ առկա խնդիրները և ղեկավարի կողմից տրվեց ցուցումներ` շինարարական ընթացքը պատշաճ կազմակերպելու համար։ Այս պահին Աջափնյակ վարչական շրջանում շինաշխատանքներ են ընթանում թվով ինը բակային տարածքներում»,- ասվում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։