«Արաբկիր վարչական շրջանում հարթ և թեք տանիքների, բակային տարածքների բարեկարգման աշխատանքների բարձրակարգ որակով կատարմանը հետևողական եմ լինում անձամբ:
Հերթական շրջայցին ծանոթացել եմ Ազատության 25 հասցեում՝ տանիքի հիմնանորոգմանը և բակային տարածքի բարեկարգմանը:
Ադոնց փողոցում իրականացնում ենք մայթերի վերականգնման, նոր եզրաքարերի տեղադրման աշխատանքներ:
Թբիլիսյան խճուղի 33/3 հասցեում հանդիպել եմ տեղի բնակիչների հետ, լսել նրանց կարծիքն ու առաջարկությունները: Այստեղ ավտոտնակների ապամոնտաժման արդյունքում կառուցում ենք հրաշալի խաղահրապարակ և կանաչապատ, նոր ծառերով հանգստի գոտի:
Առհասարակ բոլոր բարեկարգվող հատվածներում ավելացնում ենք կանաչ տարածքները, դրանք համալրելով ծառերի նոր քանակով:
Կիևյան 13 հասցեի բակում շուտով ունենալու ենք շատ գեղեցիկ, մարզասարքերով և խաղերով համալրված հանգստի գոտի: Այստեղ կառուցում ենք նաև միջբակային նոր աստիճաններ:
Բարեկարգման աշխատանքներին եմ ծանոթացել Կիևյան 2,4,6,8,10-ի բակային տարածքում նույնպես: Հանձնարարել եմ սեղմ ժամկետներում վերացնել բոլոր թերությունները: Խնդիրների մասին տեղյակ է պահվել շինաբարեկարգման վարչության մասնագետներին: Բնակիչների հետ տեղում քննարկումների արդյունքում միասին որոշում ենք կայացրել տեղափոխել շանը:
Թեք տանիքի հիմնանորոգման գործընթացին եմ հետևել Կիևյան 18 հասցեում:
Բարեկարգման և կանաչապատման լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում Խաչատրյան 33/1 հասցեի բակային տարածքում: Վերանորոգվում է շենքի մուտքը:
Բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլ են մտնում Սոսե 8, 2-րդ շենքի առաջնամասում:
Հարթ տանիքների հիմնանորոգման աշխատանքներին եմ ծանոթացել Մամիկոնյանց 38/1, Կոմիտաս 14 հասցեներում»,- այս մասին ասվում է վարչական շրջանի ղեկավարի «ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։