«Արզումանյան 10 և 17 հասցեների շենքերի բնակիչներին ուղարկվել են գույքի օտարման և նոր բնակարաններ տրամադրելու պարտավորությունը ստանձնելու պայմանագրերը», - այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ նշելով, որ պատրաստն են քննարկումներին և պայմանագրերի կնքմանը։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ սա ամենակարևոր ծրագրերից է, երբ խոսքը վերաբերում է մարդկանց, երևանցների անվտանգությանը։ «Ճիշտ է 4-րդ կարգի վթարային շենքերը շատ չեն Երևան քաղաքում, բայց յուրաքանչյուր րոպե, օր այդ մարդիկ, ովքեր բնակվում են այդ շենքերում, վտանգի տակ են: Եվ Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է ծրագիր, որով սկսել է իրականացնել Արզումանյան 10 և 17 հասցեներում գտնվող վթարային շենքերի փոխարեն նոր շենքերի կառուցման և բնակիչներին նոր բնակարանների տրամադրման աշխատանքները», - ասաց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ այս ծրագիրն իրականացվում է նաև այլ շենքերում։
«Մենք չենք մոռացել Արցախի փողոցի բնակիչներին: Վարդաշենի դեպքում կառավարության աջակցությունն է մեզ պետք լինելու, պետք է հասկանանք սոցիալական հարցն ինչպես ենք լուծելու, Ֆուչիկի 23-ը կրկին պրոցեսի մեջ է, Շիրվանզադե 3-ի դեպքում ևս ունենք առաջարկներ, որոնք կքննարկենք»:
Տիգրան Ավինյանն այս համատեքստում անդրադարձավ բնակֆոնդի վերաբերյալ ապագային առնչվող հարցերին։ Ըստ նրա՝ կան շենքեր, որոնք վթարային չեն, բայց, եթե թաղամասի տրամաբանությամբ ենք նայում՝ ամբողջը ռենովացիայի կարիք ունի:
«Հնարավոր է ռենովացիայի մասին նոր օրենք պետք լինի, որը նոր հնարավորություններ կստեղծի կառուցապատողների համար, և բնակիչների համար ավելի լավ պայմաններով բնակարաններ կկառուցենք», - ասաց Տիգրան Ավինյան: