«Քաղաքի աղբահանության վիճակն արդեն իսկ ծայրահեղ չէ։ 24/7 ռեժիմով կատարվում են աշխատանքներ մեկ վայրկյան շուտ լավագույն արդյունքների հասնելու համար»։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկում վերջին օրերին ստեղծված խնդիրների լուծման և մեր թիմի կատարած աշխատանքների ժամանակ մեզ մեծ աջակցություն ցուցաբերելու համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ, պարոն Ավինյան, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին, Կոմունալ տնտեսության վարչությանը և 12 վարչական շրջաններին՝ ի դեմս բոլոր ղեկավարների»,- ասաց Աղաջանյանը։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ իրեն շնորհակալություն հայտնելու կարիք չկա։ «Աղբահանության խնդիրը, որը սրվել էր Երևան քաղաքում, այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ մեղմվել է։ Ե՛վ վարչական շրջանների ղեկավարները մեծ ներդրում ունեն, և՛ պարոն Արեյանը, պարոն Կարոյանը, մասնավոր մեր գործընկերները», - ասաց Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ պետք է կենտրոնանալ հիմնարար լուծման վրա։