Երևան

«Փոքր կենտրոնի» կառուցապատման վերաբերյալ օրինագիծը պետք է լինի համալիր փաստաթուղթ. Տիգրան Ավինյան

Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման վերաբերյալ օրինագծի մշակմանն առնչվող հարցեր են քննարկվել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հանդիպման ժամանակ: 

Կարևորելով օրինագծի մշակումը՝ փոխքաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ այն պետք է լինի համալիր փաստաթուղթ, որը կկանոնակարգի կենտրոնի կառուցապատումը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն իր հերթին նշել է, որ  հայեցակարգը հնարավորություն կտա ամրագրել ճարտարապետական կերպարի միասնականությունը, փոքր կենտրոնի առանձնահատկություններից բխող քաղաքաշինական գործունեության պայմաններն ու հստակ նորմերի սահմանումը: