Երևան

«Աղբահանության տեխնիկան պետք է ծառայեր 10 տարի. փչանալու ցուցանիշը մտահոգություններ է առաջացնում». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մենք ունենք որոշակի խնդիրներ աղբահանության տեխնիկայի հետ կապված։ Ես կարծում եմ` պետք է նախ խոսենք այդ խնդիրների մասին, նաև երևանցիներին որոշակի ժամանակացույց ասենք, թե որ տեխնիկան ինչ ժամկետում է համալրվում, որովհետև կան վայրեր, որտեղ ունենք խնդիրներ, կան վարչական շրջաններ, որտեղ այս պահի դրությամբ աղբահանության հետ ունենք խնդիրներ»,- այս մասին այսօր գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` նշելով, որ մարդիկ պետք է իմանան ինչ ժամկետներում է դա լինելու։

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ ասաց, որ 3-օրյա շրջայցի արդյունքում որոշ վարչական շրջաններում և թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, առկա է աղբամաննների գերծանրաբեռնվածություն և կուտակումներ։ «Ամեն ինչ արվեց այս երեք օրվա ընթացքում, որպեսզի կարողանանք թույլ չտալ խորանալու պրոցեսը և բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելով մաքրել։ Այս պահին էլ վիճակը դեռևս բարվոք չէ։ Հիմնական պատճառը տեխնիկան է»,- զեկուցեց Արեյանը՝ հայտնելով, որ անձամբ է եղել ԵՍՄ պարկում և այն ինչ նկատելի է` առանձին քննարկման առարկա է։ «Պատճառները տարբեր են, խնդիրը մեկն է՝ այդ հիմնարկում պետք է խստացվի տեխնիկայի նկատմամբ հսկողությունը, մասնագիտական շահագործման նկատմամբ հսկողությունը, ամենօրյա սպասարկումը»։

Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ առանձին քննարկում պետք է ունենալ այս հարցի վերաբերյալ, ապա նկատեց, որ այն տեխնիկան, որը ձեռք է բերվել, պետք է առնվազն տասը տարի ծառայեր, բայց դրանց անսարքության ցուցանիշը մեծ մտահոգությունների տեղիք է տալիս։ «Առաջինը տեխնիկայի որակի մասին, երկրորդը, թե ինչպես են վարվում այդ տեխնիկայի հետ։ Այդ մասով էլ պետք է քննակենք, հասկանանք, և երրորդը, թե ինչքան արագ ենք մենք կազմակերպում վերանորոգումները։ Ես գիտեմ, որ պրոցեսներն արդեն արագացել են։ Հրատապ գնում պետք է իրականացնենք՝ մի քանի տեխնիկա, որոնց շարժիչներն են խնդրահարույց՝ պետք է արագ վերականգնվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում