Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը հերթական գործակարգավարական նիստում ներկայացրել է Միասնիկյան պողոտայում դարձափոխային երթևեկության կազմակերպման համար երեկոյան և առավոտյան ժամերին երթևեկության ուսումնասիրության տվյալները։
«Առավոտյան ժամերին դեպի կենտրոն ուղղության ինտենսիվությունը կազմում է 3768 միավոր ժամ, իսկ դեպի Ավան վարչական շրջան՝ 2472 միավոր ժամ։ Երեկոյան ժամերին՝ 17.40-ից 18.40, դեպի Կենտրոն տրանսպորտային հոսքի ինտենսիվությունը կազմում է 3027 միավոր ժամ, իսկ դեպի Ավան՝ 4286 միավոր ժամ»,- ներկայացրեց Գրիգորյանը։
Ըստ վարչության պետի՝ նախատեսվում է ձեռք բերել «Զիփեր» տիպի ավտոմեքենա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթևեկության ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կարծքով՝ հարցը քննարկելու կարիք չկա առանց պատնեշների, քանի որ այդ փորձը կիրառվել է Երևանում և տրանսպորտային պատահարների թիվը անասելի շատ է եղել։