Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է գեղասահքի դպրոցի նոր նախագիծը։
«Ներկայում չշահագործվող և ավիրված գեղասահքի դպրոցը շուտով այս տեսքը կունենա:
Երևանի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոցը կընդունի մինչև 800 սաների, ովքեր կկարողանան նոր պայմաններում զբաղվել տարբեր մարզաձևերով՝ բռնցքամարտով, հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտով, ձյուդոյով, սամբոյով և քիքբոքսինգով: Մարզադպրոցում, ուր կարող են հաճախել ցանկացած տարիքի սաներ, բոլոր մարզումները անվճար են։ Կարևոր է, որ սաներին մարզելու են հավաքականի մարզիչները՝ հավաքականի կազմը լրացնելով հենց այստեղ սովորող սաներով։
Նախագիծը արդեն փորձարկման փուլում է, իսկ շինարարության սկիզբը նախատեսվում է մեկնարկել 2023թ.-ի 4-րդ եռամսյակում։ Շնորհակալ եմ «Evocabank»-ին աջակցության համար: Սա համայնք-մասնավոր գործընկերության վառ օրինակ է, որը, համոզված եմ, երախտագիտությամբ է ընդունվելու երևանցիների կողմից»,- ասվում է Տիգրան Ավինյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։