Երևան

«Մերգելյանի» պուրակը կվերակառուցվի՝ հաշվի առնելով քաղաքացիների կարծիքները

Արաբկիրում գտնվող «Մերգելյանի» պուրակը կվերակառուցվի: Երևանի քաղաքապետարանն «Ակտիվ քաղաքացի» հարթակում առաջարկել էր տարածքի բարեկարգման երկու նախագիծ: 15 օր քաղաքացիները կարող էին գրանցվել հարթակում, քվեարկել և մեկնաբանել: Թե ո՞ր նախագիծը կընտրվի, կորոշվի՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքներն ու մեկնաբանությունները:

«Հարթակի նպատակը քաղաքային նշանակալի նախագծերի վերաբերյալ երևանցիների կարծիքները հավաքելն ու որոշումներ կայացնելու ընթացքում դրանք հաշվի առնելն է» ,-նշել է  Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: 

Շուրջ 8000 քաղաքացի է ծանոթացել նախագծերին, 964-ը քվերակել ու մեկնաբանություն է թողել: «Ակտիվ քաղաքացի» հարթակին միանալու համար պետք է գրանցվել՝ անցնելով նույնականացում: Մի քանի քայլ, և Դուք ակտիվ քաղաքացի եք: Առայժմ քվերակությանը կարող են մասնակցել Երևանի գրանցում ունեցող բնակիչները:

«Կայքում գործում է բլոկչեյն համակարգ, ինչն առավելագույնս թափանցիկ է դարձնում գործընթացը»,-շեշտում է Գրիգորյանը: 

Քաղաքացիների հետ կապն աշխուժացնելու համար առաջարկների ընդունումից ու նախագծերը ներկայացնելուց բացի «Ակտիվ քաղաքացին» առաջիկայում նոր հնարավորություններ կընձեռի.

«Հարթակի զարգացման պլանի մեջ է նաև 3-րդ մոդուլի գործարկումը, որը խնդիրները բարձրաձայնելու հնարավորություն կտա: Այն կլինի բջջային հավելվածով, որպեսզի, օրինակ, քաղաքացին, երբ քայլում ու տեսնում է փոս կամ կտրված մալուխ, ապա կարողանա լուսանկարել, նշել տեղակայման վայրն ու արագորեն ուղարկել»,-ասում է փոխքաղաքապետը:  

«Մերգելյանի» պուրակի նախագիծն առաջինն էր իր ձևաչափով, որ «Ակտիվ քաղաքացի»-ում ներկայացվեց բնակիչներին: Արդեն 10038 քաղաքացի է գրանցված հարթակում, միայն 1000-ը՝ վերջին երկու շաբաթում:  Առաջիկայում նոր նախագծեր կդրվեն հանրային քննարկման: Բջջային հավելվածով նաև հնարավոր կլինի խնդիրներն արագորեն վեր հանել և հանրայնացնել:

Երևանի զարգացմանը մասնակցելու և երազանքի քաղաքն ստեղծելու համար քաղաքապետարանը հորդորում է միանալ հարթակին և դառնալ ակտիվ քաղաքացի: