Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական գործակարգավարական խորհրդակցությունը սկսեց քննարկմամբ, թե ինչպես անել, որ անթերի համակարգվի ասֆալտապատման գործընթացը․
«Հիմա Մուրացանում միջին նորոգման աշխատանք է արած, պարզվում է, որ կոյուղու լուրջ խնդիր կա, և նորից պետք է փորել»,- նշեց Ավինյանը։
Ըստ Կամո Արեյանի՝ երբեմն տեխնածին աղետները անխուսափելի են, և Մուրացանի դեպքը դրա վկայությունն էր, քանի որ կոյուղու վթարը ի հայտ է եկել ասֆալտապատումից հետո․
«Այլ բան, որ նախապես ուսումնասիրվի վիճակը, ակտավորվի, և ըստ այդմ էլ համաձայնեցվի՝ որը որից առաջ արվի»,- նշեց Կամո Արեյանը։
Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կա խնդիր, որ, օրինակ, «Վեոլիան» տեղեկություն չունի ընդհանուր ցանցի վիճակի մասին․
«Կոյուղագծի վրա կառուցապատում է իրականացվել տարիների ընթացքում։ Կոյուղագիծը լվացվել, մաքրվել է և գտնվել է աշխատանքային վիճակում։ Ասֆալտապատման աշխատանքներից հետո, հավանաբար, դիտահորի փլուզում է տեղի ունեցել, ու խցանումը հնարավոր չի լինում բացել»,- ավելացրեց «Վեոլիա ջրի» ներկայացուցիչը։