Երևան

«Այլևս «գազել»-ներ չեն լինի, դրանք փոխարինված կլինեն նոր ավտոբուսային պարկով». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանի համար 150 հատ «Zhong thong» ավտոբուս գնելու՝ կառավարության այսօրվա որոշմանը, որ ընդունվել է չզեկուցվող հարցերի թվում։

«Պայմանագրի շրջանակներում 150 հատ ավտոբուս ենք ձեռք բերել մինչ այս, բայց Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն աշխատել են լրացուցիչ պայմանագրի և կապալառուների հետ, հիմա, առանց հատկացվող գումարի փոփոխության, 150 ավտոբուսի փոխարեն ձեռք ենք բերում 180-ը։ Եվս 30 ավտոբուս էլ գումարվում է այդ նույն որոշման շրջանակներում։ Այն շատ դժվարությամբ եղավ, որովհետև բարդ գործընթաց էր»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ Երևանի ավտոբուսային պարկը թարմացնելու ուղղությամբ կարևոր որոշումներ են կայացվել. «Ուրախ եմ արձանագրել, որ Երևանում ավելի ու ավելի շատ բարձրակարգ, նոր ավտոբուսներ են արդեն օգտագործվում։ Ուզում եմ հիշեցնել՝ 2017թ., որպես Երևանի քաղաքապետի թեկնածու և մասնակից ուժ, ՔՊ-ն խոստացել էր Երևանն ազատել «հուսահատության գազելներից և «մահվան վերելակներից»։ Ամբողջությամբ դեռ իրականացված չէ, բայց գործն արվում է մեծ տեմպերով»։

Ըստ նրա՝ այս տարի արդեն «գազել»-ներ չեն լինի․ դրանք փոխարինված կլինեն նոր ավտոբուսային պարկով։