Երևան

«Տրանսպորտային բարեփոխումները միայն ավտոբուս կամ տրոլեյբուս գնելով չեն սահմանափակվի». Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայրաքաղաքում իրականացվող տրանսպորտային բարեփոխումները։

Նա հիշեցրել է, որ քաղաքն ստանալու է 30 նոր «Zhong thong» ավտոբուս՝ առանց հավելյալ գումարի, նախկին պայմանագրի փոփոխության շրջանում։ Նոր տրոլեյբուսների սպասարկումն իրականացնելու է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունը. «Երևանն ունի 87 հատ 12 մետրանոց «Man» ավտոբուս։ Գնվել է 150 ավտոբուս։ Գնալով ավելի է համալրվում ավտոբուսային պարկը, բայց բարեփոխումները միայն ավտոբուս կամ տրոլեյբուս գնելով չեն սահմանափակվում։ Ռեֆորմները բովանդակային դրույթներ են, իրավակարգավորումներ, նոր հնարավորություններ, որ ստեղծվում են երևանցիների համար»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ շուտով կփորձարկեն էլեկտրոնային վճարման համակարգերը, և քաղաքացին, մտնելով ավտոբուս, իր հեռախոսի, տրանսպորտային քարտի և բանկային քարտի միջոցով կկարողանա վճարում իրականացնել, իսկ տարեվերջին արդեն այդ վճարումները կարվեն հասարակական ողջ տրանսպորտում, նաև՝ մետրոյում։

Ավինյանը հիշեցրեց, որ այդ բարեփոխումների մասին մտքեր նախկինում եղել են, բայց կոնկրետ գործն արվել է վերջերս։

Ավինյանը շեշտել է, որ հասարակական տրանսպորտի նշանակությունը երևանցիների համար ավելի կարևոր է դառնալու. «Հասարակական տրանսպորտը դառնալու է ավելի մատչելի, արագաշարժ։ Հասարակական տրանսպորտը, որ սպասարկում է մեծ թվով երևանցիների, իրավունք ունի ունենալ առավելություններ մասնավոր մեքենաների նկատմամբ»։