«Տոկոսային հարաբերակցությամբ՝ ավտոտրանսպորտային միջոցների քանակը փաստացի երթուղիներ դուրս եկած տրանսպորտային միջոցներից 10.1%-ից պակաս է». Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց, որ պլանայինից 11% պակասը շատ վատ ցուցանիշ է։
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հիմնական գործառույթը հասարակական տրանսպորտի սպասարկումն է և այդ տրանսպորտի կազմակերպումը։ Հետևապես, մեր մնացյալ գործընկերների խնդրանքները և ավտոբուսներն այլ ուղղությամբ օգտագործելը չի խրախուսվում, եթե կան պլանայինից շեղումներ։ Եթե ավել ավտոբուս լինի, այդ ժամանակ կարող ենք օգնել մեր մյուս գործընկերներին։ Բայց Երևանում ավտոբուսների քանակը միշտ պլանայինին մոտ պետք է լինի, իսկ մնացածն արդեն ածանցյալ է, որովհետև ամեն մեկն իր ֆունկցիան ունի։ Երբ մեր ֆունկցիան չենք կատարում, խնդիրը խորանում է և ավելանում»,- արձանագրեց Տիգրան Ավինյանը և հավելեց՝ եթե քիչ ավտոբուս դուրս եկավ, այդ ժամանակային ինտերվալները ավելի կմեծանան և մարդիկ գործից կուշանան։