Երևան

Չալաբյանի պնդումը փաստերի խեղաթյուրում է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի հայտարարությանը, թե «Երևանի վարչական շրջանների մի շարք ղեկավարներ, հղում անելով Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին, հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի անցկացման համար»:

«Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ պարոն Չալաբյանի պնդումը փաստերի խեղաթյուրում է, քանի որ վարչական շրջանների ներկայացուցիչները ոչ թե հրաժարվել են նախաձեռնությանը տարածքներ տրամադրել, այլ, մատնանշելով իրավասությունների տարանջատումը, առաջարկել են դիմել Երևանի քաղաքապետարան՝ համապատասխան թույտվություն ստանալու խնդրանքով: Վստահ ենք, որ պարոն Չալաբյանը թյուրիմացաբար է այս առաջարկը գնահատել որպես մերժում»,- նշված է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պատասխանում։