Երևան

«Թատրոններում իրականացնում ենք ենթակառուցվածքների էական բարեփոխումներ»․ Տիգրան Ավինյան

«Թատրոններում իրականացնում ենք ենթակառուցվածքների էական բարեփոխումներ»․ Տիգրան Ավինյան

Թատրոնի համաշխարհային օրվան ընդառաջ Երևանի քաղաքապետարանն այս տարի հանդես եկավ նոր նախաձեռնությամբ՝ առաջին անգամ իրականացվեց «Թատերական Երևան» խորագրով դրամաշնորհային մրցույթ: Նախագիծն այս նպատակ ունի աշխուժացնել մշակութային կյանքը, խրախուսել թատերական նոր նախաձեռնություններն ու նոր բեմադրություններով համալրել թատրոնների խաղացանկերը: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է դրամաշնորհային մրցույթի հաղթողներին: 

«Որոշակի նոր մշակույթ է ձևավորվում, և մենք ցանկանում ենք այս նախաձեռնությունը դարձնել ամենամյա: Այս տարի մենք ունենալու ենք նաև նոր փորձարարություն՝ Թատրոնի միջազգային փառատոն կազմակերպելու առումով, սեպտեմբերին նման նախաձեռնություն է պլանավորվում իրականացնել: Առհասարակ թատերական կյանքին վերաբերող բոլոր հարցերում քաղաքապետարանը պատրաստ է նոր մոտեցումներ ցուցաբերել: Մենք նաև թատրոններում իրականացնում ենք ենթակառուցվածքների էական բարեփոխումներ»,- նշել է Տիգրան Ավինյանը: 

Դրամաշնորհին, ի դեպ, մասնակցության հնարավորություն ունեին նաև մարզերում գործող թատրոնները, կազմակերպություններն ու թատերական նախաձեռնությունները: Ստացված 23 թատերական բեմադրության հայտերից, հաշվի առնելով ներկայացված գնահատման չափորոշիչները, ընտրվել է 9 հայտ, որոնք կֆինանսավորվեն Երևանի քաղաքապետարանի կողմից:  Դրամաշնորհային ծրագրին ընդհանուր առմամբ կհատկացվի շուրջ 50 մլն ՀՀ դրամ: 

«Լինելով մայրաքաղաք և ռեսուրսների բավարար չափով տիրապետող կենտրոն՝ շատ սխալ կլինի, եթե մենք մարզային թատրոններին աջակցություն չցուցաբերենք: Նշեմ, որ բոլորի համար մրցույթը բաց է եղել: Կարծում եմ՝ Երևանը առաջնորդելու և աջակցելու հանձնառություն ունի առաջնորդել, և դա ճիշտ սկզբունք է, որ մենք ի սկզբանե որդեգրել ենք»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:  

Դրամաշնորհային մրցույթի արդյունքներով ընտրված թատերական նախագծերն են. 

1.    «Արվեստը»-ներկայացնող՝ «Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն ՀԿ
2.    «ԱՈՒԹ»-ներկայացնող՝ Անուշ Խերունց
3.    «Երկաթյա դասակարգ»- ներկայացնող՝ Արա Գևորգյան
4.    «Երկարագուլպա Պեպպին»-ներկայացնող՝ «Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» ՀՈԱԿ
5.    «Մեր քաղաքի կանոնները»-ներկայացնող՝ «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ
6.    «Շան սիրտը»- ներկայացնող՝ «Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ
7.    «Վիրուս»- ներկայացնող՝ «Դոփապարի հայկական ֆեդերացիա» ՀԿ
8.    «Ուշացածը»- ներկայացնող՝ «Թեք տեղ» ՀԿ
9.    «Ոստրեն և մարգարիտը»- ներկայացնող՝ «Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական