Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվել է Կոնդ թաղամասի վերակառուցման հայեցակարգի մրցույթի հարցը։ Այս կապակցությամբ հավաքվել են բոլոր կարծիքները։
«Ես այս պրոցեսը շատ լավ հիշում եմ, որովհետև ես եմ նախաձեռնել դեռ հեռավոր 2020-21 թվականին։ Հետո առաջին փուլն իրականացրինք ու այդ կետում կանգնեցինք։ Սա քաղաքապետարանի ամենակարևոր ծրագրերից մեկն է, և մեր նախաձեռնողականությունն այս ծրագրի վերաբերյալ շատ կարևոր է»,- ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հանձնարարելով. «Առաջին հարցը, որ պետք է լուծել, բնակիչների՝ կոնդեցիների իրավունքների պաշտպանության հարցն է։ Փաստացի, իրենց սեփականության իրավունքի գրանցումն է այն սահմաններով, որ իրենք տարիներով, որպես փաստ, տիրապետել են, որպեսզի հետագայում՝ կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ, խնդիր չունենան կառուցապատողի, օտարողի հետ, այսինքն՝ իրավունքների խախտման խնդիր չլինի։
Երկրորդ փուլն արդեն բուն նախագծի քննարկումն է։ Խնդրում եմ հետևողական լինել, որովհետև սա մեզ՝ քաղաքապետարանի համար կարևոր ծրագիր է»։
Տիգրան Ավինյանը նաև հանձնարարեց կազմել Երևանի Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիր. «Ունենք կոնցեպտի առաջարկ, և դրա շրջանակներում էլ կարող ենք նախաձեռնել նմանատիպ պրոցես»։