Երևան

Երևանը 15 նոր տրոլեյբուս կունենա. ներկրող ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա 16-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության կողմից Երեւանի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսվում է տրոլեյբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող թվով 15 տրոլեյբուսներով։

Նախատեսվում է ներկրել YUTONG BUS մակնիշի՝ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, 25+2 փափուկ նստատեղերի առկայությամբ և ոչ պակաս քան 85 ուղևորի տեղափոխման հնարավորությամբ, ինքնավար վազքով (հպակային ցանցից դուրս`առնվազն 60կմ ընթացք, 60կմ/ժ առավելագույն արագություն), սրահի տաքացման և սառեցման համակարգով օժտված թվով 15 անռելս տրոլեյբուսներ, ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով 5 երթուղիները համալրել նոր շարժակազմով և էականորեն ավելացնել վերգետնյա էլեկտրատրանսպորտի որակյալ ծառայություններից օգտվողների քանակը։

Տրոլեյբուսային ցանցի հնարավոր զարգացումը կբեռնաթափի նաև հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ՝ իրականացնելով բնակչության ապահով ու անվտանգ տեղափոխումն էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտով։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 196 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 311․8 մլն դրամ: