Այս տարի հուլիսի 9-16-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը։ Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնին նվիրված ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է՝ ասելով. «Վստահաբար, «Ոսկե ծիրանի» հուլիսյան օրերը Երևանին ոսկեծիրանյան մթնոլորտ են հաղորդում»։
«Ինձ համար մեծ պատիվ է՝ արդեն 5-րդ տարին ինչ-որ ձևաչափով աջակցել փառատոնի կայացմանը։ Եվ շատ ուրախ եմ, որ տարեցտարի փառատոնը թե՛ իր մասշտաբով, թե՛ որակով աճում է։ Վստահաբար, կինոյի սիրահարները կարևորում են փառատոնի ամենամյա անցկացումն՝ այն տրամաբանությամբ և տրամադրությամբ, որով, արդեն քանի տարի է, այն անցկացվում է»,- ասաց Տիգրան Ավինյանը և շնորհավորեց «Ոսկե ծիրանի» ամբողջ անձնակազմին։ Նա նշեց, որ այս փառատոնը Երևանի ամենակարևոր միջոցառումներից մեկն է. «Երևանի քաղաքապետարանի համար մեծ պատիվ է լինել փառատոնի կողքին»։