Երևան

«Չզեկուցեք՝ աշխատանքը կատարված է, հետո պարզվի՝ փոսի ջրի միջով է սպիտակ գիծն անցնում». Տիգրան Ավինյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը ներկայացրել է հասարակական տրանսպորտի երթևեկության համար առանձնացված գծեր ունենալու ծրագրի իրականացման ընթացքը։ Նրա խոսքով՝ Գայի պողոտայում արդեն առանձնացվել է տրանսպորտի համար առանձնացված երթևեկելի գիծ. «Երթևեկության կազմակերպման՝ նշված փոփոխությունը կնպաստի հասարակական տրանսպորտի երթևեկության անընդհատության ապահովմանը, որն ինքնին կլուծի մի շարք խնդիրներ»։ 

Ըստ նրա՝ այդպես կբարձրանա երթուղիների միջին արագությունը՝ նպաստելով գրաֆիկի պահպանմանը։ Նաև կնվազեն հասարակական տրանսպորտի ճտպ-ները և այլն։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, թե սա փորձնական ծրագիր է, և ինքն առաջարկում է հասկանալ դրա կոնցեպտը. «Փորձի համար մեկ ամբողջական գիծ է պետք»։ 

Տիգրան Ավինյանն օրինակ բերեց Թբիլիսին՝ նշելով, որ նրանց փորձից ևս պետք է օգտվել. «Իրենք խնդիրներ ունեցել են, հիմա էլ ունեն։ Խցանումներն ահավոր են այնտեղ՝ հենց նույն գծանշումների պատճառով։ Պետք է հասկանալ՝ որն է պատճառը, որ մենք մի քիչ ավելի զգուշավոր գնանք»։

Տիգրան Ավինյանը նաև նշեց, որ մեկ-մեկ փոսերի միջով են արվում գծանշումները. «Հետևեք, որ նմանատիպ բան տեղի չունենա, որ չզեկուցեք՝ աշխատանքը կատարված է, հետո պարզվի՝ փոսի ջրի միջով է սպիտակ գիծն անցնում»։