Երևան

«Նպատակահարմար ենք համարել, որ Տիգրան Ավինյանը լինի կառավարության նիստերին». Լևոն Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչու է կառավարության նիստերին մասնակցում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ Տիգրան Ավինյանը եղել է փոխվարչապետ ու շատ լավ տիրապետում է կառավարության աշխատանքին․ «Այդ աշխատանքները կարող է անել ու արել է արդյունավետ, որովհետև արդեն կան հստակ արդյունքներ, և մենք նպատակահարմար ենք համարել, որ պարոն Ավինյանը լինի կառավարության նիստերին»։

Արդյո՞ք փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ակտիվությունը քարոզարշավ չէ․ այս հարցին Լևոն Հովհաննիսյանը պատասխանել է. «Ես սա չեմ համարում քարոզարշավ, համարում եմ ընթացիկ աշխատանք։ Այդ տրամաբանությամբ յուրաքանչյուր քաղաքական թիմ, որ տվյալ պահին ՏԻՄ-ը ղեկավարում է, ընտրություններից մեկ տարի առաջ որևէ գործ պիտի չանի»։ 

Ըստ Հովհաննիսյանի՝ ինքն էլ է աշխատում, Տիգրան Ավինյանն էլ. «Պարոն Ավինյանը աշխատում է և, իմ կարծիքով, շատ արդյունավետ»։