Երևան

Քաղաքապետարանն ամենակոշտ ձևով իր բոլոր լիազորություններն ու լծակներն օգտագործելու է. Տիգրան Ավինյան

Սարալանջի ճանապարհին ավտոբուսների համար առաջին առանձնացված գիծն արդեն շահագործվում է: Երթևեկության առանձին գծեր կլինեն նաև Գայի պողոտայում և Գարեգին Նժդեհի փողոցում:

Վարչական շրջաններում կատարվում է փողոցների շուրջ 23 կմ 740 մ հատվածի միջին նորոգում: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդարադառնալով աշխատանքների որակին, շեշտել է տեխնիկական հսկողության նշանակությունն ու ընդգծել, որ այն պետք է ձևական չլինի. «Տեխնիկական հսկողությունը պետք է չկրի ձևական բնույթ». Տիգրան Ավինյանը հանձնարարել է խստորեն հետևել աշխատանքների որակին և տեխհսկողությանը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների և ՓԲԸ-ների 1321 աշխատակից ներառվել է առողջապահական ապահովագրության փաթեթում: Նրանց ընտանիքի անդամները նույնպես կարող են ապահովագրվել նույն գումարի սահմանաչափով:

Հիմնանորոգվում են Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի յոթ մարզադահլիճը, նկուղային հարկը: Շինարարության ընթացքում կվերակառուցվի լողավազանը, կբարելավվի հովացման համակարգը:

Նախորդ շաբաթ մաքրել է Սարալանջի ճանապարհի՝ Նորք-Մարաշից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած շուրջ 4 կմ հատվածը: Տարածքը մաքրվել է քարերից, շինանյութերից, գերաճած անպետք ծառատեսակներից ու թփերից:

Այս պահին փոխարիվում են քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի 100 վերելակ: Մոնտաժման աշխատանքների ավարտից և ԱԻՆ համապատասխան փորձաքննությունից հետո դրանք կհանձնվեն շահագործման: Երկրորդ փուլով կփոխարինվի ևս 400 վերելակ:

«Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսների վերջին խմբաքանակի տեխնիկական բնութագրի անհամապատասխանության խնդիրներն ընկերության կողմից չլուծելու պարագայում քաղաքապետարանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ. «Եթե տեխնիկական առաջադրանքին ոչ համապատասխան որևէ ծառայություն կամ ապրանք մատակարարվի Երևանի քաղաքապետարանին՝ ամենակոշտ ձևով քաղաքապետարանն իր բոլոր լիազորություններն ու լծակներն օգտագործելու է: Սա այսուհետ քաղաքապետարանի գործելաոճն է լինելու բոլոր տեսակի պայմանագրերի վերաբերյալ» ,-շեշտել է Տիգրան Ավինյանը: