Այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայիսի 27-ին մրցման մեկնող մարզիկների վթարին, որի հետևանքով կա մեկ զոհ և յոթ վիրավոր: Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ երեխաներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է: Մարզիկները բուժում են ստանում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Նշվել է նաև, որ արյան անհրաժեշտության առնչությամբ սոցցանցերում տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
«Ահավոր դեպք է տեղի ունեցել, և սա ևս մեկ անգամ գալիս է մեզ հիշեցնելու, որ մեզ մոտ դեռևս բոլոր կանոնները չեն, որ պահպանվում են, մասնավորապես, ավտոմեքենայում նախատեսված քանակից ավելի են եղել երեխաները, վստահ եմ, ամրակապված չեն եղել և ծանրագույն դեպքի պատճառներից մեկը հենց դա է»,- նշել է փոխքաղաքապետն ու ոլորտի պատասխանատուներին հանձնարարել այցելել երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ մշտական հսկողության տակ պահելով բուժման գործընթացը:
***
Կենտրոն վարչական շրջանում օրերս արձանագրված ծառահատման դեպքի առնչությամբ բնակիչներն ահազանգել են Երևանի քաղաքապետարանի «թեժ գիծ», սակայն տեխնիկական խնդրի պատճառով պատասխանատուների կողմից արագ արձագանք չի եղել: Փոխքաղաքապետ Ավինյանն դժգոհել է «թեժ գծի» աշխատանքից ու հանձնարարել ծառայողական քննություն սկսել:
«Տեխնիկական խնդրի պատճառով ստացվում է այնպես, որ հաստաբուն ծառերը՝ բարդիները, հատվել են: Ես վստահ եմ, որ ուղղակի այնպես չեն այդ ծառերը հատվել. մեկի մտքով անցել է, որ այդ տարածքն ինքը կարողանալու է զավթել և, առհասարակ, եթե այդ հատվածում որևէ այլ ցանկապատված տարածք կլինի՝ կմաքրեք ամբողջը: Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, թե իրենք այս մեթոդով նոր հողազավթումներ են կարողանալու անել: «Թեժ գծից» եկած զանգերից կարևոր բան չկա, և դրանք պետք է արագ արձագանք ստանան», ընդգծել է Տիգրան Ավինյանը:
***
Ինչպեսև նախանշվել էր՝ մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է դարձել Նուբարաշենի աղբավայրում մարել բռնկված հրդեհը, որը տարածված էր աղբավայրի ողջ պարագծով: Հարկ է նշել, որ գործընթացին ներգրավվել էին ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ամբողջ շարժակազմը, վարչական շրջանների ղեկավարների աջակցությամբ մասնավոր ընկերությունների տեխնիկական միջոցներ, ինչպես նաև ներգրավվել են Երևանի փրկարարական վարչության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ուժերը: Շուրջ 2300 բեռնատար հող է տեղադրվել աղբավայրում: Այսուհետ հողալցումն աղբավայրում կշարունակվի ամեն օր:
***
Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների համար Երևանի քաղաքապետարանն ինքնատիպ միջոցառում է նախաձեռնել: Համերգային ծրագիր, կինոթատրոն, կրկես. Ազատության հրապարակում առավոտյան ժամը 12:00-ից մինչև երեկոյան 20:00-ն, համերգին ու ցուցադրություններին զուգահեռ, կկազմակերպվեն նաև երեխաներին զբաղեցնող և զվարճացնող խաղեր: Միջոցառումներ կկազմակերպվեն նաև վարչական մյուս շրջաններում:
***
Հայ մեծանուն երգահան Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ Երևանում կկայանան բացառիկ բալետային երեկոներ: Հունիսի 6-ին, 7-ին, 8-ին՝ ժամը 20:00-ին Թումոյի այգում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի երգահանի բալետային ստեղծագործությունները:
***
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կբարեկարգվի նոր սկզբունքով: Սա կլինի նոր չափանիշ, որով այսուհետ կառաջնորդվի համայնքը՝ «այգիների կառուցում» կամ «բարեկարգում» տերմիններն օգտագործելիս: Հաշվի առնելով տարածքն ու ծրագրի կարևորությունը՝ փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում նախագիծը դնել հանրային քննարկման: