Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում տեղեկացրել է, որ մայրաքաղաքի գրեթե բոլոր շրջաններում այգիների հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում. «Հին սրճարաններից, կրպակներից մաքրվում են»։
Ավինյանը տեղեկացրել է, որ անտառտնկման աշխատանքներ են իրականացվել Եռաբլուրում՝ 10-12 հա, և Սարալանջում. «Պլանավորում ենք նաև Նորք Մարաշի լանջին անտառտնկման աշխատանքներ իրականացնել։ Հետագա ամենամեծ ծրագիրը լինելու է երևանամերձ հատվածում պաշտպանիչ անտառտնկման աշխատանքների իրականացումը»։
Ըստ Ավինյանի՝ գործողություններ են ձեռնարկվում օդի որակի բարելավման ուղղությամբ. «Այն սարսափելի պատկերը, որ հրապարակվել էր, այս պահին չկա։ Օդի որակի չափիչ սարքեր պետք է ավելացվեն։ Կանաչապատման, շինարարության վերահսկման, տրանսպորտի կարգավորման աշխատանքներն առաջին հերթին նպաստում են քաղաքում լավ որակի օդ ունենալուն։ Աշխատանքներն արդյունքներ տալիս են, և մենք շարունակելու ենք»։