Համայնաքապատկան Երևանի ավիամոդելավորման դպրոցի նախաձեռնությամբ մայիսի 27-ին, ժամը 12.00-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրմանը նվիրված Արզնի օդանավակայանում առաջին անգամ նախատեսվում է կազմակերպել ավիամոդելային փառատոն, որը միտում ունի դառնալու միջազգային՝ Հայաստանում ոլորտը զարգացնելու, տարբեր երկրներից ավիամոդելիստներ հյուրընկալելու, շքեղ ավիաշոուներ կազմակերպելու, փորձի փոխանակման ակնկալիքներով։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի ավագանու հերթական նիստին հայտարարեց Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը։
Նրա խոսքով՝ փառատոնի ընթացքում առանձնացված են լինելու հատուկ տարածքներ ռադիոկառավարվող ավիամոդելների, դրոնների և այլ թռչող սարքերի ցուցադրական թռիչների, ինչպես նաև ցուցադրական մոդելների ցուցադրման համար։
Ավագանու անդամը ներկայացրեց Երևանի ավագանու 2021 թվականի որոշման արդյունքում կատարված աշխատանքը Երևանի ավիոմոդելավորման դպրոցի բարեկարգման և զարգացման ուղղությամբ։ Անտոնյանը նշեց, որ դպրոցի գերնպատակն է պատանիներին և երիտասարդներին տալ այն անհրաժեշտ գիտելքները, որոնք հնարավորություն կտան իրենց մասնագիտական ուսումը շարունակելու այս կամ այն բարձրագույն ուսումնական հաստատություններում, իսկ նախազորակոչային և զորացրված երիտասարդների համար դպրոցում կազմակերպվում է դրոնների կառավարման փուլային դասընթացներ։